Հազար մշակովի


Contributors to Wikimedia projects

Article Images

Հազար մշակովի

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դառնիճ

Դառնիճ, Հազալ, (լատին․՝ Lactuca sativa), բարդածաղկավորների (լատին․՝ Compositae) ընտանիքի Lactuca ցեղին պատկանող միամյա վաղահաս և ցրտադիմացկուն տերևաբանջար։ Համարվում է արժեքավոր և դիետիկ տերևաբանջար։

Գործածվում է բացառապես հում վիճակում՝ որպես աղցանային ուտեստ, և ունի բարձր սննդային արժեք։ Հարուստ է A, B1, B2 և C վիտամիններով և հանքային՝ մասնավորապես երկաթի և կալիումի աղերով։ Մշակման տարբեր պայմանների հետ կապված տարբեր է նաև հազարի քիմիական կազմը։

Դառնիճն առաջին անգամ մշակել են հին եգիպտացիները։ Նախնական շրջանում օգտագործվել է որպես խոտ, որից յուղ են ստացել՝ սակայն ավելի ուշ կարևորությունը տրվել է բույսի տերևներին, որոնք օգտագործվում էին սննդի մեջ։ Ավելի ուշ հազարը լայն տարածում է գտել Հին Հռոմում և Հունաստանում։ Հռոմեացիները բույսն անվանում են lactuca։ Ք. ա. 50 թվականի դրությամբ ձեռագրերում խոսվում էր հազարի տարբեր տեսակների մասին։ Գտնվել են նաև Դառնիճի մասին միջնադարյան ձեռագրեր։ Եղել է այն բուսատեսակներից, որոնք Նոր աշխարհից Հին աշխարհ է բերել Քրիստափոր Կոլումբոսը[1]։ 16-18-րդ դարերի ընթացքում Եվրոպայում զարգացվել են հազարի բազմաթիվ տեսակներ։ 20-րդ դարից սկսած հազարի արտադրությունն ու սպառումը լայնանում է՝ դուրս գալով Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սահմաններից։

Արարատյան հարթավայրում ձմեռում է բաց դաշտում և պատրաստ է լինում գործածության համար վաղ գարնանից։ Ջերմոցներում և ջերմատներում հնարավոր է դառնիճ ունենալ ողջ ձմռան ընթացքում[2]։

Հազարի օգտագործումը բարելավում է նյութափոխանակությունը և արյան բաղադրությունը, կարգավորում է մարսողական օրգանների և նյարդային համակարգի աշխատանքը՝ բացառելով ավիտամինոզի զարգացումը։ Սկսած վաղ գարնանից՝ հազարի տերևների կանոնավոր օգտագործումը սննդի մեջ նպաստում է մարսողությանը, կանխարգելում է փորկապությունը, հանգստացնում ստամոքսի ցավերը։ Հազարը հատկապես օգտակար է ծերերին և քիչ շարժուն կյանք վարող անձանց համար, քանի որ այն ուժեղացնում է ստամոքսահյութի արտադրությունը և մարսողական ֆերմենտները, խթանում աղիքների գալարակծկանքը։

Հազարն ունի թարմացնող և ծարավը հագեցնող հատկություն։

Հազարի և քացախի համադրությունը ախորժակը գրգռելու լավ միջոց է։ Գիրությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել մեծ քանակությամբ հազար։

Հազարը որպես դիետիկ սնունդ, անհրաժեշտ է նաև շաքարախտով հիվանդներին։ Տերևներից պատրաստած թարմ հյութն օգնում է քրոնիկ գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների բուժման ժամանակ։ Դրա շնորհիվ բարեկավվում է հիվանդների ինքնազգացողությունը, արագանում է խոցի սպիացումը։

Ժողովրդական բժշկության մեջ հազարն օգտագործում են նաև հազի, կրծքային ցավերի հաղթահարման և դեղնախտի բուժման համար։

Հազարի սերմերի ջրային թուրմն օգտագործում են որպես կերակրող մայրերի կրծքագեղձերի գործունեությունը ակտիվացնող միջոց։ Հազարն իր մեջ պարունակում է վիտամին P, որը կանխարգելում է արյունատար անոթների փխրունությունը, ինչն էլ շատ կարևոր է շաքարային դիաբետով հիվանդների համար։

Հազարը աճեցնում էին Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Հազարաթերթի հայրենիքը Միջագետքն է[3]։

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  2. http://www.selfsufficientish.com/lettuce.htm
  3. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան, 2007