Սերգեյ Վարդանյան


Contributors to Wikimedia projects

Article Images

Սերգեյ Վարդանյան

հայ հրապարակախոս, բանասեր, արձակագիր

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Գագիկի Վարդանյան (նոյեմբերի 9, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1991 թ.:

Սերգեյ Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1952 (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1974)
Մասնագիտությունհրապարակախոս, բանասեր, արձակագիր, բանահավաք և խմբագիր
ԱշխատավայրՊիոներ կանչ, Խորհրդային արվեստ, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
 Sergey Vardanyan Վիքիպահեստում

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 9-ին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետև՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1991-2002 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը։ 1992 թ.-ից Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահի տեղակալն է, 2004-2018 թթ. հասարակական հիմունքներով աշխատել է նույն ՀԿ «Ձայն համշենական» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։ Ամսաթերթի 1000 օրինակ տպաքանակը անվճար բաժանվում էր հայրենիքում և սփյուռքում։

2009 թ.-ից գիտաշխատող է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ 1978 թ. մամուլի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի, Աբխազիայի և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երևանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009)։ Նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985) նոր նյութերով հարստացված «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995 թվականին և արժանացել «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին։

Մանկական պատմվածքների «Արևածաղիկը» գիրքը 1989 թվականին տպագրվել է Երևանում, իսկ 1994 թվականին արևմտահայերենով՝ Ստամբուլում։ Նրա պատմվածքները ընդգրկված են «Մայրենիի» 4-րդ (2009-ից) և 5-րդ (2011-ից) դասարանների դասագրքերում, բեմադրվել են սփյուռքի հայկական թատրոններում։ Նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, սլովակերեն, թուրքերեն և գերմաներեն։

Դեռևս 1970-ական թթ.-ից զբաղվում է ԽՍՀՄ-ում սփռված հայության ազգապահպանության հարցերով։ Բազմիցս շրջագայել է Աբխազիայի, Ռուսաստանի Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերի, Ուկրաինայի, Ղրիմի հայաբնակ վայրերով։ ԽՍՀՄ-ի հայության, այդ թվում՝ համշենահայության, մասին նա բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

1984 և 1987 թթ. Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում հայտնաբերել է իսլամադավան համշենահայեր։ Քանիցս եղել է Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի և Բորչքայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր։ Ուսումնասիրություններ է կատարել նաև Ռիզեի և Էրզրումի նահանգների կրոնափոխ, թուրքախոս համշենցիների գյուղերում։

Թուրքիայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կրոնափոխ համշենահայերի մասին նրա հետազոտությունները տպագրվել են հայրենի և արտերկրի մամուլում, 1989 թվականին իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, 2009 թվականին ԵՊՀ հրատարակած «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» և 2022թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի լույս ընծայած «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)» մենագրություններում։

Նրա «Окровавленные семена» (2015) գիրքը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի հայության մղած պայքարի առաջամարտիկների մասին, որոնցից 13-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Ողջ տպաքանակն անվճար բաժանվել է Կրասնոդարի երկրամասում և Աբխազիայում։

  • Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները), Եր., 2022:
  • Окровавленные семена, Ер., 2015.
  • Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ), Եր., 2009:
  • Gerettete Märchen, Jerewan, 2009 (գերմ.).
  • The salvaged tales, Yerevan, 2007 (անգլ.).
  • Թագավորի երազները, Եր., 2003:
  • Հայաստանի մայրաքաղաքները, Եր., 1995:
  • Արեւածաղիկը (արևմտահայերեն), Ստամբուլ, 1994։
  • Ձայն համշենական, հ. 3, Եր., 1989:
  • Արևածաղիկը (մանկական պատմվածքների ժողովածու), Եր., 1989:
  • Հայոց մայրաքաղաքները, Եր., 1985:
  • Հրեղեն ձին, Եր., 1981:
  • 2015 թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ։
  • 2013 թ.՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի մրցանակ։
  • 2012 թ.՝ Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալ։
  • 2012 թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալ։
  • 2012 թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ։
  • 2012 թ.՝ Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալ։
  • 2010 թ.՝ Ռուսաստանի հայերի միության հիմնադրման 10-ամյակին նվիրված մեդալ։
  • 2009 թ. որպես խմբագիր՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակ։
  • 2001 թ.՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի Հայաստան ուխտագնացության ժամանակ նրանից ստացել է այցի առթիվ պատրաստված հուշամեդալ։
  • 1997 թ.՝ «Հայաստանի մայրաքաղաքները» (1995) գրքի համար՝ Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակ։
  • 1992 թ.՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդից Վատիկանում ստացել է պապի անվամբ Արծաթե հուշամեդալ։
  • 1980 թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության տարվա մրցանակ։